05/10/2019 10:00
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում զգուշացնում են այլակարծության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:
Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքն իշխող ուժի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ:
Այլակարծության հետ կապված պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի. տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն:
Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը:
«Այսինքն, մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել», - ամփոփեց պատգամավորը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: