07/10/2019 17:49
Ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, որ անգամ այս կարգավիճակով կարող եմ օտարերկրյա ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության զարգացման համար. Արմեն Գևորգյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Արմեն Գևորգյանի նկատմամբ, նշենք, որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:
«Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքն ի սկզբանե խախտվել է և խնդրում ենք վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նշեց, որ Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է մեկնի Ավստրիայի Հարապետություն: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը սրտի հետ կապված խնդիր ունի։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը Վիեննայում ունի գործնական հանդիպում։
Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությանը, որոնց միացավ նաև Մարտի մեկի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
«Միջնորդությունը բացառապես քմահաճույքի խնդիր չէ, անհրաժեշտություն է, ու մենք այդ քննարկմանը սպասել ենք մոտավորապես կես տարի», - ասաց Արմեն Գևորգյանը։
Նա նշեց՝ իր իրավունքները խախտվել են, ինչն արձանագրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեջբերեց նաև «Արինս գրուպ» ընկերության նամակը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին, որում նշված էր, թե ընկերության խորհրդի անդամները երաշխավորում են Արմեն Գևորգյանի վերադարձը բժշկական զննումից հետո։
«Այստեղ ու կողքի դահլիճում նստած շատ մարդկանց փորձը վկայում է այն մասին, որ անգամ այս կարգավիճակով ես կարող եմ մեր պետության համար օգուտ բերել, օտարերկրյա ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման համար, ինչը ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջացնի, գոնե այս էտապում ու այս վիճակում», - ասաց Արմեն Գևորգյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, եթե ՀՀ կառավարությունը շարունակի այսպես աշխատել ու արդարադատությունը շարունակվի այսպես, Հայաստան ներդրումներ չեն գալու։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 13։00-ին։