07/10/2019 10:31
Տեխնոլոգիական հեղափոխությունը թույլ կտա, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական նորարական կենտրոններից մեկն աշխարհում. Նիկոլ Փաշինյան
Տեխնոլոգիական հեղափոխությունը թույլ կտա Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ժամանակակից կենտրոններից մեկը, WCIT-2019 համաժողովի բացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ։ Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ», - ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս ամենին կհաջորդի տեխնոլոգիական հեղափոխությունը, ինչն էլ, նրա խոսքով, կհանգեցնի նրան, որպեսզի Հայաստանը դառնա տեխնոլոգիական նորարական կենտրոններից մեկը։
Փաշինյանն ընդգծեց, որ նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար հարկային արտոնություններ են նախատեսվել։
«Դրանք մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ», - ասաց վարչապետը։
Նշենք, որ համաժողովի շրջանակում Երևանը 70 երկրից ավելի քան 2500 առաջնորդի, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի է հյուրընկալել՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։