07/10/2019 15:48
Վայոց ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քիչ առաջ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանից հրաժարականի դիմում է ստացվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։
«Դիմումը ստացվել է մոտ մեկ ժամ առաջ։ Սահմանված կարգով և սահմանված ժամկետներում ընթացք կտրվի», - տեղեկացրեց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։
Ըստ մամուլի հրապարակումների, միջադեպին ներկա էին եղել նաև Վայոց ձորի մարզպետն ու նրա տեղակալը։ Ավելի ուշ մարզպետը հերքել էր, թե մասնակցություն է ունեցել այդ միջադեպին, նշելով, որ այդ ժամին եղել է տանը։ Փոխմարզպետը ձերբակալվել էր։
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե հրաժարական է ներկայացնում։
«Հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս ՀՀ-ում մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո», - նշված էր մարզպետի հայտարարության մեջ։