07/10/2019 13:47
Եթե լայվով մոտենում են, ի՞նչ հետապնդելու մասին է խոսքը. Լևոն Քոչարյան
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ, բայց ոչ՝ իրավական։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Դա այնքան աբսուրդ է։ Այդ տղաներն ակամայից ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում։ Աննա Դանիբեկյանն անտեսեց Սահմանադրական դատարնի որոշումը։ Եթե լայվով մոտենում են, ի՞նչ հետապնդելու մասին է խոսքը։ Գիշերը ժամը 03։30-ին «մասկի շոուներով» գնում են, այդ երեխաներին հանում են տներից։ Երկակի ստանդարտները դուր են գալիս ինչ-որ մարդկանց։
Եթե Քոչարյանի հետ է կապված, կարելի է բռնել, դատել, քառատել, իսկ երբ դա անում է երկրի ղեկավարը կամ նրան հարող ուժեր՝ չի կարելի։ Սրանով պարզ ցույց են տալիս, եթե դատավորներն անում են իրենց ուզածը, անվերապահ աջակցություն են ունենում», - ասաց Լևոն Քոչարյանը։
Երկրորդ նախագահի որդու համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործում իրավական հիմքեր չկան։
«Իրենք իրենց մեղավորներ են նշանակում, գալիս են, խոսում։ Շատ լավ փաստաբանական թիմ ունենք, բայց ի՞նչ օգուտ։ Իհարկե, դատավորի ինքնաբացարկի հիմքեր կան։ Մարդը ՍԴ որոշում է անտեսում», - ասաց նա։