07/10/2019 11:54
Խստորեն դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքը. պատգամավոր
Որպես նախկին լրագրող և ներկա խորհրդարանական՝ միանշանակ խստորեն դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքը, այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Լրատվամիջոցի վրա հարձակումը որևէ դեպքում չի կարող արդարացում ունենալ։ Մեր երկրում ազատ խոսքի իրավունքը և լրատվամիջոցի ազատ գործունեությունն այլընտրանք չպետք է ունենան։ Իրավապահ մարմինները պետք է ամենասեղմ ժամկետներում համարժեք արձագանք տան այս գործողություններին, և մեղավորները պետք է բացահայտվեն ու համապատասխան պատիժ կրեն»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի քանի երիտասարդներ պաշարել և ձվեր էին նետել «Հայելի» մամուլի ակումբի ուղղությամբ։ Նրանք նաև պաստառներ էին փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։