07/10/2019 18:37
«Մեցցո Պրոդաքշն»-ը ներողություն է խնդրել Վահան Արծրունուց
«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը, որին վստահված էր WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգի կազմակերպումը, ներողություն է խնդրել երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից առանց զգուշացման օգտվելու համար:
««Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար:
WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր պահանջում, և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել նման լայնամասշտաբ և աննախադեպ համերգի կազմակերպման գործին:
Այնուամենայնիվ, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով: Ուրախ ենք, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով նման բարձր գնահատականի: Առաջիկայում պատրաստվում ենք էլ ավելի աննախադեպ նախագծեր ներկայացնել հայ ունկնդրին: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի իրականացմանը»,-նշում է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը:
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր երեկ Հանրապետության հրապարակում արհեստական բանականության կողմից ստեղծված շարականին, նշելով, որ նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը Մաշտոցյան շարականի իր մշակումն է, այնինչ, ինքն անտեղյակ էր դրա մասին ու ոչ մի արտոնություն չէր տվել: