07/10/2019 18:46
«Ծիրանի» խումբը ներկայանալու է գործիքային կազմով
Հոկտեմբերի 15-ին «Ծիրանի»-ն ներկայանալու է գործիքային կազմով։ Ծրագրում՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ալ. Սպենդիարյան, Գրիգոր Նարեկացի։
Համերգը կրում է «Գոհար Վարդ» խորագիրը՝ պայմանավորված համերգի առանցքային ստեղծագործության անվամբ («Գոհար վարդ» պոեմի հեղինակը Գրիգոր Առաքելյանն է, գրված է Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։
Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը։ «Ծիրանի» անսամբլի նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն՝ իր տարբեր շերտերով, մեկտեղ՝ հասանելի լինելով մերօրյա ունկնդրին, բավարարել թե՛ խստապահանջ երաժիշտի, թե՛ պատահական ունկնդրի լսելիքը։
«Երաժշտությունը կատարյալ է, երբ այն առաջացնում է հույզեր, զգացմունքներ՝ թե՛ վիշտ ու տխրություն, թե՛ հրճվանք ու զարմանք և թե՛ խրախճանք: Հայոց պատմությունը և հայ ազգի գենետիկ հիշողությունը պարունակում են իրենց մեջ հույզերի այս ամբողջ գունապնակը: Մեզ մնում է միայն վերարտադրել մեր պապենական ժառանգությունը՝ մեր ժամանակներին հատուկ մոդեռն լուծումներով պահպանելով մեր հազարամյա մշակույթի բյուրեղյա մաքրությունը», - ասում է խմբի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը:
«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թվականին: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք: 2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով: