08/10/2019 14:57
Դատարանը կտա հարցերի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը ապրիլյան գործողություններին ժամանակին եղե՞լ է տեղում, թե՞ բիլիարդ խաղալուց է եղել. ԳՇ պետ
2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին։
«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել: Տրամադրել եմ այն, ինչ-որ իրականում եղել է», - ասաց նա։
Արտակ Դավթյանը նշեց, որ դատարանը կտա հարցերի պատասխանը՝ Յուրի Խաչատուրովը գործողություններին ժամանակին եղե՞լ է տեղում, թե՞ բիլիարդ խաղալուց է եղել։
«Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ տվյալ տեղեկանքը տրվել էր մեկ տարուց էլ ավել ժամանակահատվածում, գործընթացը նոր չէ, ուղղակի նոր է ի հայտ գալիս, ավել բան չունեմ ասելու», - ասաց նա։
Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։
Ի պատասխան փաստաբանի հարցման՝ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, ով, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15-ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։
Նշենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Այս հրապարակումներից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։