08/10/2019 14:29
Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանն՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Նա, Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի և Դոնալդ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նշեց.
«Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Մասնավոր երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:
Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի, և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում:
Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: