08/10/2019 17:27
Լուկաշենկոն Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ն ներգրավելու օգտին է հանդես եկել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանն ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին:
«Առանց գլխավոր խաղացողների դժվար է լուծել այդ խնդիրը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ հարկավոր Է ներգրավել ԱՄՆ-ին»,-նշել է Լուկաշենկոն՝ երեքշաբթի Մինսկում ելույթ ունենալով «Մինսկի երկխոսություն» համաժողովում:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ վաշինգոտնը խորապես ներքաշված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում, նաև Ղրիմի խնդրում: Լուկաշենկոն նաև ասել է, որ «մենք մեր ձեռքով Ուկրաինան տվեցինք» Արևմուտքին: «Դրա համար ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ, ինչը և նրանք հավանաբար անում են՝ խոսելով միմյանց հետ», - նշել է նա:
Բելառուսի նախագահը կարծում է, որ Դոնբասի հակամարտությունը դեռ կարելի է լուծել:
«Ախտորոշումը տրված է: Ինչպես հաղթել հիվանդությունը, նույնպես կարծես թե գիտենք, միայն պետք է սկսել բուժումը: Ներկայիս իշխանությունը, Ուկրաինայի նախագահը, նա, իհարկե, ամենակարող չէ, նրան ո՛չ ներսում, ո՛չ դրսում ոչ ոք թույլ չի տա անել այն, ինչ նա ցանկանում է: Բայց ես համոզվեցի, որ նա ցանկանում է լուծել այդ խնդիրը», - ընդգծել է պետության ղեկավարը: