08/10/2019 11:29
Պատգամավորները խստորեն դատապարտում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ ոտնձգությունները
Մի շարք պատգամավորներ գիտակցելով, որ ազատ խոսքի համար անհրաժեշտ են ամուր հիմքեր՝ խստորեն դատապարտում են քաղաքացիակասն հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգության դրսևորումները, ատելության հրահրումն ու խրախուսումը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց հանձնաժողովի հիմնական զեկուցող, պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ընթերցելով մի շարք խորհրդարանականների հայտարարությունը՝ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի հանդեպ հարձակման դեպքի առթիվ։
Ըստ հայտարարության տեքստի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կազմակերպել խաղաղ հավաքներ, տարածել ազատ խոսքը։ Մինչդեռ ատելության խոսքը, թշնամանքի խրախուսումը անընդունելի է։
Պատգամավորը նշեց, որ իրենց հանձնաժողովը պետք է ակտիվացնի գործունեությունը, քանի որ մարդու իրավունքների օրակարգը բավական լայն է։
«Քաղաքացիական հասարակություն ասելով՝ մենք լայն շրջանակ ենք հասկանում», - ասաց Մարիա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը երեկ հրապարակել էր իր տան շքամուտքում իր վրա հարձակման տեսանյութը։