08/10/2019 11:46
Եկել եք, Ջոկոնդայի ժպիտով նստել եք. Նաիրա Զոհրաբյանը՝ Թագուհի Ղազարյանին
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում բանավեճ ծավալվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի միջև։
Ի պատասխան հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի դիտարկումների, որ հանձնաժողովը կարող է և պետք է ավելի ակտիվ աշխատի, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը բավական լավ է աշխատում։
«Իմ գրաֆիկն այնպես է կազմված, որ մի հոգեբուժարանից մյուսն եմ գնում, բազմաթիվ մարդկանց հետ հանդիպում։ Մինչդեռ հանձնաժողովի անդամներն օրենսդրական առաջարկով հանդես չեն եկել։ 100 անգամ նշվել է՝ բերեք օրակարգ, բայց ոչ տիկին Կարապետյանից, ոչ տիկին Ղազարյանից, որևէ մեկից օրակարգ չենք լսել։ Նախաձեռնությունները եղել են միայն իմ կողմից։
Տիկին Ղազարյան, հիմա եթե ամեն օր ֆեյսբուքում չեմ «ճպպացնում», թե քանի հոգեբուժարան եմ գնացել, քանի կնոջ եմ հանդիպել, դա չի նշանակում, որ աշխատանք չենք անում։ Արդարության սահմանը թույլ չեմ տա անցնել։ Տիկին Ղազարյան, որևէ անգամ Դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ։ Եկել եք, Ջոկոնդայի ժպիտով նստել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել եք», - հայտարարեց հանձնաժողովի նախագահը։
Թագուհի Ղազարյանը հորդորեց չվիրավորել և իր վրա «մուննաթ չգալ»։