08/10/2019 15:13
Զինված ուժերում փորձարկվել են հակատանկային ու հակաօդային պաշտպանության նոր զինատեսակներ. ԳՇ պետ
Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաև նոր զինատեսակներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Չնշելով անվանումները՝ կասեմ, որ հիմնականում դրանք վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը», - ասաց ԳՇ պետը՝ մանրամասնելով.
«Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու վերաբերյալ։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվել ՊԲ-ին նման խնդիրներ կատարել, դա նույնպես արդիականացման արդյունք էր»։
Անդրադառնալով հակատանկային միջոցներին՝ Արտակ Դավթյանն ասաց.
«Հակատանկային միջոցների մասով կարող եմ ասել, որ մեծացել է հեռահարությունը։ Մոտավորապես, մեր ունեցած միջոցներից՝ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներ անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»։
ԳՇ պետն ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում իր համար հատկապես ուրախալի էր Պաշտպանության բանակում խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչ»-երի, ներդաշնակ կիրառումը։
«Ինչ վերաբերում է նոր միջոցների ձեռքբերմանը՝ մենք հիմա էլ ձեռք ենք բերում և ընթացիկ կլինեն, հիմնականում մենք փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով լավ ուսուցված անձնակազմով, արդյունավետ խնդիրների կատարում», - ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։