09/10/2019 17:41
Բրիտանիայի հինգ նախարար կարող է լքել պաշտոնը Brexit-ի շուրջ իրադրության ֆոնին
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամ կարող է լքել պաշտոնն առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին, հայտնել է «The Times» թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի՝ անունները չնշված անդամների:
Ըստ նրանց՝ խոսքը Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթի, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների և սպորտի նախարար Նիկ Մորգանի, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդի, առողջապահության և սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոքի և Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսի մասին է:
Նրանց պաշտոնաթողության հարցն ի հայտ է եկել նախարարների կաբինետի հանդիպումից հետո, որտեղ նախարարները Ջոնսոնին հայտարարել են 1998 թվականի Բելֆասթի համաձայնագրի խախտման լուրջ ռիսկի գոյության մասին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բազմամյա հակամարտությանը, նաև իրենց մտահոգություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ:
Բրիտանական կառավարության մեկ այլ անդամ «The Times»-ին հայտնել է, որ «շատ մեծ թվով օրենսդիրներ կլքեն թորիների կուսակցությունն այն դեպքում, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը:
Ըստ թերթի՝ պահպանողականները պնդել են, որ իրենց համար «շատ դժվար» կլինի մնալ այն կառավարության կազմում, որը տրամադրված է ԵՄ-ից դուրս գալ առանց հանրակցության հետ գործարքի կնքման: