09/10/2019 18:36
Աֆղանստանում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ը հայտնում է, որ առնվազն 30 խաղաղ բնակիչ է մահացել այս տարվա մայիսին՝ Աֆղանստանում թմրանյութերի հնարավոր լաբորատորիաների վրա ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով, կազմակերպությունը ստուգում է ևս 30 մարդու մահվան մասին հաղորդումները, ասվում է Աֆղանստանում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության (UNAMA) կայքում:
Մայիսին «Khaama Press»-ը՝ հղում անելով Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին հայտնել էր, որ ԱՄՆ-ի և աֆղանական զինված ուժերի գլխավորած կոալիցիան իրականացրել է համատեղ նպատակային ավիահարվածներ՝ Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում: Հաղորդվում էր, որ ավիահարվածների հետևանքով հնարավոր է եղել ոչնչացնել առնվազն 150 թալիբի և 68 թմրանյութերի լաբորատորիա:
«ՄԱԿ-ը հաստատել է, որ մայիսի 5-ին ավիահարվածների հետևանքով 39 խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել (30 մարդ զոհվել է, հինգը վիրավորվել, իսկ չորսի ճակատագիրն անհայտ է), այդ թվում` 14 երեխա և մեկ կին», - ասվում է ՄԱԿ հաղորդագրությունում։