09/10/2019 14:09
Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին կղեկավարի «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։
Համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, Մաքս Բրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։
Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալա»-ն, հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլադիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և աշխարհահռչակ այլ դիրիժորներ։