09/10/2019 11:01
Պետք է աշխատենք, որպեսզի Հայաստան այցելեն նաև հանրապետական կոնգրեսականներ. քաղաքագետ
Ափսոսանքով պետք է արձանագրել, որ վերջին տարիներին առավելապես խորանում են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության միջև հարաբերությունները։ Դրանք, իհարկե, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր են, սակայն բավարար չեն, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այսօր հանրապետական է, նախագահ Դոնալդ Թրամփը՝ նույնպես, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ամերիկացի կոնգրեսականներ Ջեքի Սփիրի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։
«Ամերիկյան Սենատի տեղերի մեծամասնությունը ևս հանրապետականներին է պատկանում։ Իհարկե, լավ է, երբ մեր ամերիկացի բարեկամները գալիս են Հայաստան, այնուհետև այցելում Արցախ։ Սակայն պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստան այցելեն նաև հանրապետական կոնգրեսականներ։ Նրանցից մի քանիսը մեր երկիր այցելեցին մի քանի ամիս առաջ, բայց այդ այցելության կազմակերպիչը Հայաստանը չէր, նախաձեռնությունը հենց հանրապետական կոնգրեսականներինն էր»,- հիշեցրեց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ որքան Հայաստանի ներկայացուցիչները եղել են Միացյալ նահանգներում, առավելապես հանդիպել և շփվել են դեմոկրատների հետ՝ մեկ-երկու բացառությամբ։
«Կարծում եմ՝ հանրապետականների հետ ևս պետք է ակտիվ աշխատել՝ հաշվի առնելով Թրամփի հետ շփումների տրամաբանությունը։ Չպետք է մոռանալ՝ որոշ դեմոկրատներ ԱՄՆ նախագահի թշնամիներն են։ Սրանից պետք է համապատասխան հետևություններ անել և որոշակի զգուշավորություն ցուցաբերել»,- ամփոփեց միջազգային իրավունքի մասնագետը։