11/10/2019 14:34
Խիղճն ու արդարությունը ձեր կողմից են. Զատուլինն՝ Արցախում
Չնայած բոլոր զոհաբերությունների, տառապանքի՝ Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։
«Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Մենք բոլորս սպասում ենք ու հույս ունենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կգերակայի գիտակցությունն ու բարի կամքը», - ասաց Զատուլինը։
Նա ընդգծեց՝ իր կողմից ազնիվ չէր լինի պնդել, որ իր արտահայտած բոլոր մտքերն ամենայն մանրամասնությամբ փոխանցում են ռուսական պետության պաշտոնական դիրքորոշումը.
«Ես նախապես գիտեմ, որ այն ամենն, ինչ հիմա կասեմ, ոմանք ուսումնասիրելու են խոշորացույցը ձեռքներին։ Բայց ես գիտեմ նաև, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն տեղ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ ձգտելով թույլ չտալ դրա լուծումը ռազմական ճանապարհով։ Երբ 2016թ.-ի ապրիլին փորձ արվեց այս հակամարտությունն ուժով լուծելու, Ռուսաստանն իր կողմից արեց ամեն հնարավորը, որպեսզի կանգնեցնի այդ փորձը», - ասաց Զատուլինը։
Նա ընդգծեց՝ այո՛, ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ այդ հարաբերություններն ավելի խորն են.
«Ես վստահ եմ՝ Ռուսաստանը՝ որպես պետություն, թույլ չի տա հակամարտության անարդարացի լուծում։ Ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը, իսկ դրանք ձեր կողմից են», - ասաց է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը։