11/10/2019 16:52
Զելենսկին ավելի քան 14 ժամ շփվել է լրագրողների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին մամուլի մարաթոնով, որը սկսվել է հինգշաբթի ժամը 10:00-ին և ավարտվել կեսգիշերին՝ տևելով ավելի քան 14 ժամ:
Զելենսկին նման երկար մամուլի ասուլիսի անցկացումը բացատրել է տեղեկատվական վակուումը լրացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ինքը քիչ է հանդիպում լրագրողների հետ:
«Մարաթոնի» ընթացքում նախագահն անուշադրության չի մատնել լրագրողների ոչ մի հարց: Մամուլի հետ նման երկարատև երկխոսությունը նշվել է Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի կողմից, որի ներկայացուցիչը մամուլի ասուլիսի 8-րդ ժամից հետո համապատասխան վկայական է հանձնել Զելենսկուն:
Հանդիպմանը մասնակցել է 300 լրագրող, որոնք յոթ-տասը մարդուց բաղկացած խմբերով 30 րոպեի ընթացքում հաջորդաբար շփվել են պետության ղեկավարի հետ:
Շփման տեմպն ու տևողությունն ազդել են Զելենսկու ձայնի վրա, և նրան, տեղական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, հատուկ ներարկումներ են արել ձայնալարերի նորմալ գործառման համար: