11/10/2019 10:18
«Իրատես». Արցախում սպասվող ընտրությունները խախտել են Հայաստանի իշխանությունների անդորրը
«Իրատես» թերթը գրում է.
«Արցախում սպասվող առաջիկա ընտրությունները Հայաստանի իշխանությունների անդորրը խախտել են. մի կողմից Վիտալի Բալասանյանի սուր քննադատությունները, մյուս կողմից էլ սեփական թեկնածուին ամեն գնով նախագահ դարձնելու ձգտումը օրեցօր շիկացնում են մթնոլորտը։ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը իշխանություններին իրար է խառնել, տեղից վերկացողը (ծառայած թե դասալիք, միավոր թե զրո, իմա՝ արժանի թե անարժան) փորձում են որքան հնարավոր է հատու, հնարավորինս ցինիկ ու գռեհիկ խոցել նրան։
Որոշ տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը մտմտում է տարբերակներ, թե ինչպես ցանկացած միջոցով (նպատակն արդարացնու՞մ է միջոցները) կանխի Բալասանյանի քայլերթը դեպի ԼՂՀ նախագահի աթոռ։ Խնդիրն այն է, որ չկա ոչ մի լծակ (Բալասանյանին համապատասխան հաստատությունում արգելափակելուց զատ), որ Հայաստանից պարտադրեն «պատժել» նրան. Բալասանյանն արդեն իշխանության ներկայացուցիչ չէ և ոչ մեկը չի կարող նրան ստիպողաբար լռեցնել։
Իսկ Փաշինյանի նախընտրած թեկնածուն Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, որի առնչությամբ կարծիքները ԼՂՀ-ում միանշանակ չեն։ Այս պահին բոլորը սպասում են, թե Արցախի իշխանությունները, մասնավորապես Բակո Սահակյանը, թեկնածուներից ում աջակցություն կցուցաբերեն, որովհետև ակնհայտ է, որ այդ թեկնածուի համար կաշխատեն նաև իշխանական լծակները և ռեսուրսները։ Եթե Սահակյանի ընտրությունը կանգնի Վիտալի Բալասանյանի վրա, Նիկոլ Փաշինյանի զայրույթը բազմապատկվելու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։