11/10/2019 19:17
Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բախում է գրանցվել
Ուկրաինայի մայրաքաղաքում Թուրքայի դեսպանատան մոտ ընդհարում է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է «Գրոմադսկե» կայքը` հղում անելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Նատալյա Լունիոյին:
Լունիոն պատմել է, որ մի քանի տասնյակ մարդ է ակցիայի եկել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելու Սիրիայում իրականացվող գործողության դեմ:
«Թուրքիայից պահանջում ենք դադարեցնել ներխուժումը Սիրիա: Պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի պատերազմը, որում, իբր, պայքարում է ահաբեկիչների դեմ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրդերի կոտորածը», - ասել է Լունիոն:
Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում մի քանի մարդ է դուրս եկել դեսպանատան տարածքից ու հարձակվել ցուցարարների վրա: Առայժմ հայտնի չէ՝ այդ մարդիկ արդյոք դեսպանության ներկայացուցիչնե՞ր են, թե՞ նրանք պարզապես գտնվում էին դրա տարածքում:
Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ: