09/10/2019 20:45
Ինչպես գործընկերոջս չթույլատրեցին մուտք գործել ատոմակայանի բաժանմունք՝ տառասխալի պատճառով. հայ լրագրողների շրջայցը՝ Լենինգրադի ատոմակայանում
Օրերս հայ լրագրողների խումբն այցելեց Լենինգրադի ատոմակայան, որը Ռուսաստանի Դաշնությունում ամենախոշորն է՝ 4200 ՄՎտ հզորությամբ։
Այս պահին երկրում առաջին էներգաբլոկ РБМК-1000-ի աշխատանքները դադարեցված են։ 45 տարվա աշխատանքից հետո այստեղ պատրաստվում են ռեակտորից վառելիքի դուրսբերման։ Ներկայումս շահագործվում են ատոմակայանի 2-րդ, 3-րդ և 4-րդ էներգաբլոկները՝ РБМК-1000 հզորությամբ։
Մեզ այստեղ պատմում են, որ նախորդ տարի առևտրային շահագործման է հանձնվել նորարական 3+ սերնդի էներգաբլոկը՝ ВВЭР-1200 ռեակտորով, որն անվտանգության ապահովման տեսանկյունից համապատասխանում է ժամանակակից միջազգային ստանդարտներին։
ВВЭР-1200 նախագծի կարևորագույն առանձնահատկությունն անվտանգության պասիվ և ակտիվ համակարգերի ներառումն է, ինչն ատոմակայանը ապահովագրում է արտաքին և ներքին փոխազդեցություններից։
Այս ռեակտորը հնարավորություն է ընձեռում երկու անգամ ավելացնել էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ հասցնելով այն մինչև 60 տարի։
Ավարտին են մոտենում նաև ВВЭР-1200 հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2021թվականի սկզբին։
Ատոմակայնում մեզ թույլատրում են նաև այցելել ատոմակայանի ներքին կառավարման վահանակի բաժանմունք։ Ցավոք, մեր գործընկերներից մեկին չի հաջողվում մուտք գործել այստեղ` տեխնիկայի թույլտվության թղթի մեջ եղած մեկ սխալ տառի պատճառով։
Ատոմակայան մուտք գործելիս մեզ հատուկ անցագրերի հետ տրվում է նաև տեղեկանք՝ մեզ հետ առկա տեխնիկայի մասին, որը մանրակրկիտ ստուգում են յուրաքանչյուր բաժանմունք մուտք գործելուց առաջ։ Պարզվում է, որ անցակետի աշխատակիցներից մեկը գործընկերոջս ձայնագրիչի մոդելի մեկ տառ սխալ է լրացրել։ Բաժանմունքի անվտանգության ծառայությունը մեղավորներ չի փնտրում ու փաստաթղթում անգամ մեկ տառ անհամաձայնություն նկատելու դեպքում արգելում է մուտք գործել բաժանմունք, եթե անգամ առաջարկում ես թողնել տեխնիկան և մուտք գործել առանց դրա։
Արդյունքում մինչև մենք ծանոթանում ենք կառավարման վահանակի բաժանմունքի աշխատանքներին, գործընկերս հատուկ բաժանմունքում բացատրագիր է գրում։
Դրանից հետո նրան վերադարձնում են ձայնագրիչը, իսկ մեզ շտապում մխիթարել, որ նրան տուգանք չի սպառնում ու շուտով մեզ կվերադարձնեն մեր գործընկերոջը։ Նրան հանդիպում ենք արդեն ատոմակայնի մուտքի մոտ։
Մեզ պատմում են, որ ատոմակայանի պաշտպանվածությունը բարձր մակարդակի վրա է և ամեն գործընթաց այստեղ խիստ վերահսկվում է։ Այստեղ հակաօդային երկշերտ պաշտպանություն է գործում։ Մեզ վստահեցնում են, որ ատոմակայանը պաշտպանված է նաև հաքերային հարձակումներից։
Լենինգրադի ատոմակայան շրջայցը կազմակերպվել է Ռոսատոմ պետական կորպորացիայի կազմակերպած
հոկտեմբերի 8-11-ը տարածաշրջանային լրատվամիջոցների մասկանցությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Էներգիայի մարդիկ» փառատոնի շրջանակներում։