11/10/2019 15:18
Պոմպեոյի ավագ խորհրդականը հրաժարական է տվել Ուկրաինային վերաբերող գործի պատճառով
ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվե, հայտնել է «The Wall Street Journal»-ը:
Ըստ աղբյուրի՝ Մաքքինլին հիասթափված էր պետքարտուղարի կողմից այն դիվանագետներին ցուցաբերված անբավարար աջակցությունից, որոնք կապված էին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի իշխանությունների վրա, իբր, գործադրված ճնշման գործի հետ և ցուցմունքներ տալու էին կանչվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:
Մաքքինլին առանձնապես անհանգստացած էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնաթողությունից այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նրան մեղադրեցին կառավարության նկատմամբ լոյալ չլինելու համար: Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այն ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահը Պոմպեոյին խնդրել էր նրան հեռացնել պաշտոնից:
Մայքլ Մաքքինլին ուղղակիորեն կապված չէր Ուկրաինայի օրակարգի հետ: Տարբեր ժամանակներում նա ԱՄՆ-ի դեսպանն է եղել Աֆղանստանում, Կոլումբիայում, Պերուում և Բրազիլիայում: Վերջին շրջանում նա զբաղվում էր Վենեսուելայի, Մեքսիկայի և Աֆղանստանի հետ միջազգային հարաբերություններով։