11/10/2019 12:22
ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշում չի ընդունել Սիրիայում թուրքական գործողությունների վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին տեղի ունեցած փակ հանդիպման ընթացքում չի կարողացել համաձայնության գալ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ, գրում է «Интерфакс»-ը:
Հանդիպման ընթացքում կողմերն այնքան տարբեր դիրքորոշումներ են ներկայացրել, որ համատեղ հայտարարության հաստատումն անհնար է դարձել:
Մասնավորապես, ԱՄՆ-ն և Ռուսաստանը մերժել են հայտարարությունն ընդունելու մի քանի այլ երկրների առաջարկը: Պատճառը, ըստ լրատվամիջոցների, փաստաթղթի այն մասի առկայությունն էր, որը վերաբերում է Թուրքիայի գործողություններում «դատապարտում» բառին:
ՄԱԿ-ում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Անկարային դադարեցնել գործողությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը «ոչ մի կերպ» հավանություն չի տվել Անկարայի որոշմանը՝ իրականացնել այդ գործողությունը:
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն: