11/10/2019 13:33
Հայաստանը դեմ է Հայրենական Մեծ պատերազմի տարիների իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին. Փաշինյան
«Մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը», - ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ փաստաթուղթը սահմանում է համագործակցության ռազմավարական նպատակները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով:
«Մենք աջակցում ենք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ Կոնվենցիան կօգնի, մասնավորապես, զարգացնել մեր համագործակցությունը կատարված հանցագործությունների համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ», - ասաց վարչապետը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում Փաշինյանն առանձնացրել է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձն՝ ուղղված ԱՊՀ երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը:
«Կարևոր ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:
Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։
Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին։