11/10/2019 14:18
Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ. Փաշինյան
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստորագրվելիք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագրին՝ նշելով.
«Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին»։
Փաշինյանն ասել է, որ այսպիսի գագաթաժողովներում պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժողովուրդների, երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ հակառակը՝ կարողանան գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։
«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են»։
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թ. ԱՊՀ-ում նախագահության շրջանակներում ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ։