11/10/2019 17:45
Պայծառ քաղաքի սև ու սպիտակ տրամադրությունը. Երիտասարդ ռեժիսոր Մաննեի ֆիլմը հերթական հաջողությունն է գրանցել
«Եվրազիա Դոկ» միջազգային կինոփառատոնն օրերս համախմբել էր հետսովետական երկրների կինոգործիչներին ու քաղաքական գործիչներին: Երիտասարդ հայ ռեժիսոր Մաննեի «Ադապտացիա» ֆիլմն այդ օրերին իր հրթական հաղթանակը գրանցեց. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այն ցուցադրվեց երկրորդ անգամ և ստացավ Ժյուրիի հատուկ մրցանակը: Փառատոնի փակման ֆիլմը հենց «Ադապտացիան» էր (պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան):
«Ֆիլմը մեծ ոգևորությամբ ընդունեցին բոլոր ներկա ազգերի ներկայացուցիչները: Շատ հուզիչ էր փառատոնի ամեն օրը, ամեն արձագանքը ֆիլմին, ամեն կարծիքը: Ինձ համար մեծ պատիվ էր և բարձր պատասխանատվություն՝ ֆիլմը ցուցադրել հենց փակման օրը: Բացի մրցանակից, ինձ հետ Հայաստան բերեցի բազմաթիվ հուշեր ու մեծ էներգիա՝ հանդիսատեսի կողմից: Չափազանց մեծ ուրախությամբ եմ հիշում ամեն պահը», - Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց ռեժիսորը:
Այս մրցանակը Մաննեին է տրվել «Պայծառ քաղաքի սև ու սպիտակ տրամադրությունը ոճային փոխանցելու համար»: Այն ֆիլմի 14-րդ մրցանակն է և 25-րդ երկիրը, որտեղ ֆիլմը ցուցադրվեց: Ռեժիսորը խոստովանում է՝ ինքը չգիտեր, «Ադապտացիա» ֆիլմով իր փառատոնային մասնակցությունը դեռ շարունակվելու է: Իրեն թվում էր՝ արդեն վերջացել են փառատոներն այդ ֆիլմի համար, բայց անկակնալ կերպով նորից այն ցուցադրում եմ:
«Շուտով մեր մյուս՝ «Ճայը» ֆիլմը կմասնակցի Բրազիլիայում, Ռուսաստանում, Իտալիայում և այլուր նոր կինոփառատոների: Ներկայումս աշխատում եմ նաև «Շապիտո» ֆիլմի թարգմանչական աշխատանքների վրա, մեկտեղ՝ նոր վավերգրական ֆիլմեր եմ նկարահանում, որոնք կներկայացնեմ ինչպես հեռուստաեթերով, այնպես էլ մեծ էկրանին», - մեզ հետ զրույցը եզրափակեց Մաննեն: