12/10/2019 17:54
Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից. ՀԲԸՄ
Հոկտեմբերի 11-ին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից նախօրեին սկսված ռազմական ներխուժման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և մասնավորապես այդ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։
Մեր տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների կողմից։
Մենք ի գիտություն ենք ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունները, որտեղ կոչ է արվում միջազգային հանրությանը անհապաղ գործել տարածաշրջանում խաթարված միջազգային խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։
Իբրև ներկայիս Թուրքիայի վարչախմբի նախորդների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերունդներ` մենք քաջ գիտենք, թե որքան մարդկանց կյանքեր կարող է խլել այսպիսի ագրեսիան։ ՀԲԸՄ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերջ դնել ներխուժմանը և ագրեսիային Սիրիայի ժողովրդի նկատմամբ, որը զարհուրելիորեն նման է Օսմանյան կայսրության կողմից գրեթե մեկ դար առաջ իրականացված որոշ գործողություններին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար` համարելով, որ նման քայլը 1915-ին կարող էր զգալիորեն փոխել հայ ժողովրդի պատմության ընթացքը։