12/10/2019 11:36
Միջազգային տնտեսական հանրության գնահատումներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է. Նիկոլ Փաշինյան
Այս տարի Հայաստանի Հանրապետությունն, ըստ ամենայնի, կունենա 7 տոկոս տնտեսական աճ, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա չափազանց կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է Եվրասիական տնտեսական միության տարածքում և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում։ Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է և 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է շատ երջանիկ զգանք մեզ», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ սա ոչ այնքան հաջողություն է համարում, որքան՝ հնարավորություն։
Փաշինյանի խոսքով՝ այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է շուրջ 433 միլիոն դոլարի գնում, այսինքն՝ ՀՀ շուկայում առաջին 9 ամիսների արդյուքներով 433 միլոին դոլար հավելյալ արարժութային միջոցներ են հայտնվել։
«Սա հիմնականում կապված է զբոսաշրջության աճի հետ և չափազանց մեծ ու նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ միջազգային տնտեսական հանրության գնահատումներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ։