12/10/2019 11:54
Հայաստանի Հանարպետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի՝ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի. Փաշինյան
Բարեգործության այն մոդելը, որ երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները և շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ՝ խանգարել, «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ տնտեսական հեղափոխության կարևորագույն գործոններից մեկն անհատական ջանքն է։
«Լավ, ասենք, հասկանալի է՝ մարդուն կարելի է մեկ օր հաց տալ. մարդը սոված է՝ կարելի է մեկ օր հաց տալ։ Կարելի է երկու օր հաց տալ, կարելի է երեք օր հաց տալ, կարելի է չորս օր հաց տալ, հինգ, տաս, մի ամիս, երկու ամիս, մի տարի, բայց ի՞նչ է տեղի ունենում այդ մարդու հետ, որը մտածում է, որ ամբողջ կյանքում ուրիշ մարդիկ իրեն պետք է պահեն։ Ինչպիսի՞ն է այդ մարդու հոգեբանությունը, ինչպիսի՞ն է զգացողությունը, ինչպիսի՞ն է այդ մարդու ինքնագնահատականը, նա իրեն զգու՞մ է ուժեղ ու արժանապատիվ քաղաքացի՝ ո՛չ, երբեք։ Մենք այդպիսով կոտրում ենք մարդու ողնաշարը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր տնտեսական քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ կառավարությունը կարողանա յուրաքանչյուր մարդու հղել այս ուղերձը։
«Իմիջիայլոց, այս ուղերձն աստվածն է հղել Աբրահամին՝ նրան դրախտից դուրս հրավիրելուց հետո, ասելով, որ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես։ Հայաստանի Հանարպետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի, և հեղափոխության իմաստը սա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։