14/10/2019 12:37
Վրաստանի վարչապետի այցը ճանաչողական բնույթի է և շատ բան չարժե ակնկալել. Ջոնի Մելիքյան
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ վաղը Հայաստան կատարելիք պաշտոնական այցից շատ բան չարժե ակնկալել, քանի որ սա, առաջին հերթին, ճանաչողական այց է։ Դրա ընթացքում պետք է շփումներ ստեղծվեն երկու երկրների վարչապետների միջև։ Միաժամանակ, քանի որ վրացական պատվիրակության թվում մի շարք նախարարներ են լինելու, սա լավ հնարավորություն է, որպեսզի կողմերը կարողանան ճշգրտել երկկողմ օրակարգը, համագործակցության նոր հնարավորություններ նախանշեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ Վրաստանի վարչապետը տարածաշրջանային հանդիպումները ոչ թե աշխատանքային, այլ՝ պաշտոնական այցերով սկսեց։ Գեորգի Գախարիան փորձելու է «ռեվիզիա» կատարել՝ տեսնելու, թե ինչ որակի հարաբերություններ կան տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի հետ և որտեղ հնարավոր կլինի ակտիվացնել հարաբերությունները։
Հայաստանի մասով կարևորն այն է, որ միջպետական օրակարգին, Արցախյան հարցին վերաբերող մեր տեսլականները կարողանանք տեղ հասցնել։ Իհարկե, Վրաստանի վարչապետը տեղյակ մարդ է և գործընթացներից դուրս չի գտնվում, սակայն Ադրբեջանում լինելուց և Ալիևին լսելուց հետո պետք է բոլոր հարցերի շուրջ տեղեկատվություն ստանա նաև Երևանում»,- ասաց Ջոնի Մելիքյանը։
Անդրադառնալով օրեր առաջ Բաքվում Վրաստանի վարչապետի հայտնած այն մտքին, որ իր այցով ևս մեկ անգամ բարեկամներին ու թշնամիներին ապացուցում են՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար, վրացագետն ասաց.
«Կարծում եմ՝ այդ դիվանագիտական քայլին չարժե այդքան ուշադրություն դարձնել։ Վրաստանն ու Ադրբեջանը, միմյանց միջև ունենալով Դավիթ Գարեջիի վանական համալիրի թեման, պարզ էր, որ Բաքվում Գախարիան նման արտահայտություն պետք է աներ։ Նրանք պետք է փորձեին ցույց տալ, որ իրենք բարեկամական երկրներ են։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Վրաստանի համար մենք եղբայրական երկիր ենք և կարևոր է իմանալ, որ Արցախի հարցում պաշտոնական Թբիլիսին կողմ է խնդիրը բանակցային ճանապարհով լուծելուն։ Հնարավոր կոնֆլիկտը Վրաստանի համար անվտանգային խնդիր է ստեղծում, հետևապես, տարածաշրջանում պատերազմն այդ երկրի համար անընդունելի է»։