14/10/2019 18:10
էրդողանը քարտ բլանշ է ստացել, և Սիրիայում գործողությունների վերջը կարող է այդքան էլ շուտ չերևալ. թուրքագետ
Թուրքիան Սիրայում ռազմական գործողությունները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ նրա առաջ կանաչ լույս կվառեն աշխարհի գերտերությունները։ էրդողանը Սիրիայում օպերացիաներ իրականացնելու քարտ բլանշ է ստացել և միանշանակ է, որ գործողությունների վերջը կարող է այդքան էլ շուտ չերևալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Իսկ թե ինչու՞ միջազգային հանրությունը կոշտ կերպով չի դատապարտում Թուրքիայի գործողությունները, թուրքագետի խոսքով՝ պատճառը միանշանակ է. քրդերը միասնական դիրքորոշում չունեն, թե մերձավորարևելյան ճգնաժամում ում պետք է սատարել։
«Քրդերի մի մասն ունի արևմտամետ դիրքորոշում, մի մասը հակված է Ռուսաստանի և Իրանի շահերը սպասարկելուն։ Հենց այս ոչ միասնական մոտեցումները հանգեցրին նրան, որ քրդերից հոգնեցին ինչպես Արևմուտքն, այնպես էլ արևելյան երկրները», - ասաց մեր զրուցակիցը՝ կրկին շեշտելով, որ քանի դեռ իրավիճակը թույլ կտա և գերտերություններն էլ չեն սաստի՝ Թուրքիան Սիրիայում կշարունակի ռազմական գործողություններ ծավալել։
Մուշեղ խուդավերդյանը հիշեցրեց, որ «Արդարության ակունք» անունը ստացած թուրքական այս օպերացիան մշակվել է դեռևս 2011 թվականից։ Նույն այդ ժամանակ մշակվել են մի շարք այլ օպերացիաներ ևս, որոնք իրականացվել են։
«Թուրքական կողմը Սիրիայում իր այս գործողությունները պատճառաբանում է Քրդական բանվորական կուսակցության ակտիվ գործունեությամբ, որի հետևանքով ժամանակ առ ժամանակ թուրք զինծառայողներ են զոհվում։ Սա առաջ է բերում թուրքական հասարակության և ընդդիմության դժգոհությունը, հետևաբար նման գործողություններով թուրքական ղեկավարությունը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ պայքարում է քրդական ահաբեկչության դեմ», - ամփոփեց Մուշեղ Խուդավերդյանը։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան ռազմական գործողություններ սկսել էր հոկտեմբերի 9-ին։ «Թվիթեր»-ի իր էջում Էրդողանն այդ օրը գրել էր.
«Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանի ժողովրդին ազատում ահաբեկչությունից»։