14/10/2019 17:16
Վթարի հետևանքով մահացել է Աբականի քաղաքապետը
Կրասնոյարսկի երկրամասի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Աբականի (Խակասիա) քաղաքապետ Նիկոլայ Բուլակինը: Այս մասին ТАСС-ին հայտնել են Խակասիայի կառավարության մամուլի ծառայությունից:
«Դա տեղի է ունեցել Մինուսինսկի շրջանում՝ Կրասնոյարսկի երկրամասի Տոպոլկի գյուղի մերձակայքում», - ասել են մամուլի ծառայությունում:
Կրասնոյարսկի երկրամասի ՆԳՆ քաղաքային վարչությունում հաստատել են Բուլակինի զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը:
«Ըստ նախնական տվյալների, ցերեկն ընթանալով «Ենիսեյ» P-257 ավտոճանապարհի 433-րդ կիլոմետրով, Նիկոլայ Բուլակինը, վարելով «Ford» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան հայտնվել է ճամփեզրի առվում, այնուհետև՝ բախվել ծառին: Վթարի հետևանքով նա տեղում մահացել է», - հայտնել են վարչությունում:
Այժմ ոստիկաններ աշխատում են վթարի վայրում, պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Բուլակինը ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 17-ին, Տոմսկում: