14/10/2019 15:57
Կուբայից ժամանած 14 տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիր են, պնդում է Մալյանը. Ի՞նչ է ասում Միգրացիոն ծառայությունը
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը վստահեցնում է՝ Հայաստանում գտնվող տրանսգենդերների մասին իր ինֆորմացիան պաշտոնական է։
«Իմ ունեցած ինֆորմացիան հաստատված է, տրանսգենդերների մեծ մասին մերժել են ՀՀ կեցության իրավունք տրամադրելուց դեռևս հուլիս ամսին, նրանք երկու ամիս ժամանակ ունեին այդ որոշումը բողոքարկելու, սակայն այդ երկու ամիսն անցել է, նրանց դեռ «դեպորտ» չեն արել ու նրանք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մալյանը։
Նարեկ Մալյանը, նշենք, Facebook-ի իր էջում գրել էր, որ «Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը ՁԻԱՀ վարակակիր: Ընդ որում նրանցից մեկը աշխատում էր հացի փռում»։
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնողը կարծում է, որ Հայաստանում գտնվող վարակակիր-տրանսգենդերների պատճառով մեր Հանրապետությունում կարող է համաճարակի վտանգ լինել։
«Պետական մարմինները, առաջին հերթին, մեր քաղաքացիներին իրազեկելու խնդիր ունեն», - ասաց նա, ընդգծելով, որ «տրանսգենդերները գտնվում են Սորոսի գրասենյակի բարձր հովանու ներքո»։
«Եվ, կարծում եմ, նրանց նկատմանբ այս փափուկ, մեղմ վերաբերմունքը նաև որոշակիորեն առնչվում է Ստամբուլյան կոնվենցիային», - նշեց Մալյանը։
Իր հերթին Հայաստանի Հանրապետության Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանն Aysor.am-ին ասաց, որ Միգրացիոն ծառայությունը անձնական տվյալներ հրապարակելու իրավասություն չունի։
«Ինչ վերաբերում է, առհասարակ, օտարերկրացիների Հայաստանում գտնվելուն, ապա տարբեր հոսքեր են դեպի Հայաստան գալիս ու դրանք բոլորն էլ էմիգրացիայի տարբեր դրսևորումով», - ասաց նա։
Նելլի Դավթյանը նշեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ Կուբայի 19 քաղաքացու վերաբերյալ ապաստանի հայցեր են ստացել։
«Հինգը մերժել ենք, մնացածն ընթացքի մեջ է, բայց որևէ հայց չի բավարարվել: Կուբայի որևէ քաղաքացու մենք փախստականի կարգավիճակ չենք տվել», - ասաց Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակը։