14/10/2019 14:17
Ռուսական թատրոնում տեղի ունեցավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը
Հոկտեմբերի 12-ին և 13-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով:
Ներկայացումը նվիրված էր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին:
Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը:
Ներկայացման մեջ ներգրավված են ռուսական թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները:
Բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչն է Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը, խորեոգրաֆիան պատկանում է Նունե Կիրակոսյանին: