15/10/2019 12:30
Սանասարյանը չի հերքում, որ վրաերթի ենթարկած երեխային տարել են հիվանդանոց, իսկ «Արմենիա» ԲԿ-ից պնդում են՝ նման գրանցված հիվանդ չունեն
Սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված բուժհաստատության ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը։
«Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել։ Թե հետո իրենք ուրիշ բժշկի են դիմել, ինչ են արել, ես չեմ կարող ասել», - նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ երեխայի մայրը, առանց ընդունարան մուտք գործելու, միանգամից դիմած լինի նույն հիվանդանոցի որևէ բժշկի, Կարինե Աբաջյանը պատասխանեց, որ չի կարող ասել։
«Չգիտեմ, սա բժշկական փոքր քաղաք է, ծննդատուն էլ կա, հազար ձևի բժշկական հիմնարկներ կան։ Նշում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, բայց ծննդատանը դեպք է լինում, էլի գրում են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ծննդատունը տարիներ շարունակ մեզ հետ բոլորովին կապ չունի», - ասաց նա՝ կրկին շեշտելով, որ ինքը պատասխանատու է միայն ընդունարանի աշխատանքների մասով։
Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գերատեսչությունը դեպքի շրջանակներում որևէ անելիք չունի. բոլոր տեղեկությունները պետք է տրամադրի ոստիկանությունը։
«Նախարարությունն ի՞նչ իմանա՝ այդ վթարը եղե՞լ է, թե՞ չի եղել, երեխա եղե՞լ է, թե՞ չի եղել, հիվանդանոց տեղափոխվե՞լ է, թե՞ չի տեղափոխվել», - ասաց Նիկողոսյանը։
Նշենք, որ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։
Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։
Սանասարյանը նաև հաստատել է, որ երեխայի և նրա մոր հետ միասին գնացել է բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։
Ուշագրավ է, որ համացանցում կա լուսանկար, ըստ որի՝ Սանասարյանը հիվանդանոցի ընդունարանում է, իսկ վնասված, գիպսի մեջ ոտքով երեխան՝ անվասայլակում նստած: