15/10/2019 12:45
Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացնում՝ դատապարտելու Սիրիայում բնակվող քրդերին չաջակցելու այդ երկրի դիրքորոշումը։
ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, մասնավորապես, հայտարարեց, որ իրենք դատապարտում են ամերիկյան կառավարության՝ քրդերին թուրքերի թնդանոթների դեմ մեն-մենակ թողնելու գործելաոճը։
«Եթե 100 տարի առաջ թուրքական իշխանությունը նույն ձևով վերացրեց 1.5 միլիոն հայերի և մարսեց միջազգային հանրության կողմից, այսօր նույնը կատարում են քրդերի նկատմամբ։ Այսօր թուրքական իշխանությունն ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին, ամեն տեղ, ուր քրդեր կան, ագրեսիա է կազմակերպում։ Այսօր մենք եկել ենք դատապարտելու այս ցեղասպանությունը, որը կատարվում է քուրդ ժողովրդի նկատմամբ։ Քուրդ ժողովուրդը վճռական է մինչև վերջ կանգնելու, դատապարտելու իր կեղեքիչներին։ Կոչ ենք անում բռնել թուրքերի մարդասպան ձեռքը և քրդերին թողնել իրենց բնակավայրերում»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:
«Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից գտնվում ենք 7 հազար մղոն հեռավորության վրա», - «Թվիթերի» իր էջում գրել էր Թրամփը: