15/10/2019 15:35
Հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնի ազդեցությունից. Նիկոլ Փաշինյան
Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գործընկերոջս հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը։ Երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը, հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել էն տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության թեմայով։
«Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է», - ասաց Վրաստանի վարչապետը։