15/10/2019 09:57
«Փաստ». Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից
«Փաստ» թերթը գրում է, թե տեղեկություններ էր ստացել, որ «Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:
«Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաև մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում: Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել Արթուր Ղամբարյանը:
Ըստ մեր աղբյուրների՝ ռեկտորատի առաջիկա նիստում քննարկվելու է նաև Թոխյանի դասախոսական գործունեությունը դադարեցնելու հարցը. ըստ այդ տեղեկությունների՝ Ֆելիքս Թոխյանն առաջիկա օրերին կհեռացվի Սլավոնական համալսարանից:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Ըստ Դարբինյանի՝ համալսարանում գործելաոճ է ընտրվել, որ ամբիոնի վարիչները չլինեն համատեղողներ, այլ ամբողջովին ներգրավվեն համալսարանի աշխատանքներում, ու քանի որ ՍԴ անդամ է Ֆ. Թոխյանը, այդ որոշումը վերաբերում է նաև նրան:
Անդրադառնալով ընդհանրապես դասաժամեր ունենալ-չունենալու հարցին՝ ռեկտորը նշեց, որ իր ծանրաբեռնվածության հարցը որոշում է հենց Ֆելիքս Թոխյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։