16/10/2019 11:37
Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ
Ազգային ժողովի նախագահը և նրա գլխավորած պատվիրակությունները այցելել են Նիդերլանդներ և Սերբիա։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան խորհրդարանից հայտնել են, որ աշխատանքային այցով Նիդերլանդների թագավորություն մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Անի Սամսոնյանը, Մերի Գալստյանը։
Պատվիրակությանն ուղեկցող կազմում են եղել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը, արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լուսանկարիչ Մուրադ Թովմասյանն ու հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության օպերատոր Աշոտ Գաբրիելյանը։
Իսկ Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սերբիայի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Միքայել Մելքումյանը, Սրբուհի Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Շաքե Իսայանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
Պատվիրակությանն ուղեկցող կազմում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը, արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լուսանկարիչ Մուրադ Թովմասյանն ու հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության օպերատոր Աշոտ Գաբրիելյանը։
«Ամստերդամ և Բելգրադ այցերի համար ծախսվել է 23 405 556 ՀՀ դրամ, որից օրապահիկ՝ 7 729 180 ՀՀ դրամ, ավիատոմս՝ 7 044 946 ՀՀ դրամ: Ամստերդամի գիշերակաց՝ 1 385 710 ՀՀ դրամ, Բելգրադի գիշերակաց՝ 7 245 720 ՀՀ դրամ», - Aysor.am-ին հայտնել են Ազգային ժողովից: