16/10/2019 11:11
Ժամանակն է հայ-վրացական հարաբերություններում հայտարարություններից անցնելու գործողությունների. Փորձագետ
Վրաստանի նորանշանակ վարչապետի այցը Երևան լավ առիթ էր թարմացված օրակարգով ներկայանալու և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ցավոք, բավարարվեցինք միայն երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծող հայտարարություններով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետի այցին:
«Սա Գիորգի Գախարիայի առաջին այցն էր Երևան՝ որպես վարչապետ և, անշուշտ, ճանաչողական բնույթ ուներ: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Գիորգի Գախարիան նշեց, որ Փաշինյանի հետ խոսել են տրանսպորտի, էներգակիրների հարցում համագործակցության թեմայով, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։ Բացի եղած օրակարգի շուրջ կարծիքներ փոխանակելուց, Վրաստանի նորանշանակ վարչապետի այցը Երևան լավ առիթ էր թարմացված օրակարգով ներկայանալու և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Եվ այցի ճանաչողական բնույթը որևէ կերպ խոչընդոտ չէր նման նախաձեռնությունների համար: Ավելին, ժամանակն է հայ-վրացական հարաբերություններում հայտարարություններից անցնելու գործողությունների: Ցավոք, ինչպես նախորդ այցերի ժամանակ, այս անգամ ևս բավարարվեցինք երկկողմ հարաբերությունների կարևորությունը ընդգծող հայտարարություններով», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացման պոտենցիալը ոչ միայն սպառված չէ, այլև առկա են բոլոր պայմանները դրանց կյանքի կոչման համար:
«Այսօր ունենք հնարավորություն հայ-վրացական հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բերելու և չպիտի բավարարվենք միայն առկա օրակարգի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելով, անկախ այն հանգամանքից, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը, ինչպես վարչապետ Փաշինյանը նշեց մամլո ասուլիսի ընթացքում, այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը», - ամփոփեց փորձագետը: