17/10/2019 10:55
Մամեդյարով. Հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է նախապես տեղեկացնեն
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններ կրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Նա ցանկանում էր Ամանորի արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային բաժանմունքում իրեն կանգնեցրել են: Գևորգյանն ասել է, որ բացի իրենից, ևս երկու ընտանիք չէր կարող մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը «մասնավոր դեպքը բորբոքելու փորձ է»՝ հավելելով, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքը երկիր արգելելու Բաքվի մոտեցումն անընդունելի է:
«Մենք ասում ենք. եթե կան Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիներ, որոնք ցանկանում են մեկնել Ադրբեջան, ապա՝ խնդրեմ: Բայց, գոնե առնվազն մեր դեսպանատունը տեղեկացնեն այդ մասին, քանի որ մենք ունենք Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտք, բայց նախապես ստացված տեղեկատվությունը ՝ թույլ կտա մեզ կանխել ցանկացած անախորժություն՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնի» հետ: Մենք միշտ բաց ենք խոսում այս թեմայի շուրջ ռուսական կողմի հետ», - ասել է Մամեդյարովը« Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում: