17/10/2019 18:05
Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրգործը ենթակա է կարճման, բայց Հայաստանի վրա բիծ է մնալու. ԼՀԿ պատգամավոր
Կողքից հայացքով և դիմումին ծանոթ լինելով՝ կարելի է ասել, որ հիմքերը բավականին թույլ են, և Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու հանգամանքին։
«Բայց արդյունքում Հայաստանի վրա բիծ է մնալու։ Ե՛վ միջազգային հանրությունում, և՛ Եվրախորհրդում խնդիր է լինելու այս ամենի «տակից դուրս գալը»։ Արդյունքում ոչ մի բանի չեն հասնելու, բայց միգուցեև քաղաքական հետապնդման հետքեր գտնեն։ Դրա համար այս ամնեի իմաստը չեմ հասկանում։ Եթե ի վերջո արդյունքի չեն հասնելու, ինչ են ուզում սրանով անեն։ Ամեն դեպքում, քրեական գործ է հարուցվել, մարդկանց կհարցաքննեն, և ենթադրում եմ՝ արդյունքում գործը կարճվելու է։ Քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր, ամեն դեպքում, ես չեմ տեսնում», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է՝ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: