17/10/2019 17:51
Կատալոնիայի առաջնորդը հանդես է եկել անկախության հարցի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու օգտին
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորրան կարծում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում:
«Եթե քվեատուփերի համար մեզ դատապարտեցին հարյուր տարվա բանտարկության, ապա պատասխանն ակներև է՝ հարկավոր է վերստին քվեատուփեր տեղադրել ինքնորոշման հարցի շուրջ քվեարկելու համար», - ասել է նա:
Ընդ որում, Տորրան ընդգծել է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախօրեին նախազգուշացրել է Տորրային՝ քրեորեն պատժելի հետևանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում:
Ըստ Reuters-ի՝ Կատալոնիայի կառավարության ղեկավարն ավելացրել է, որ 2020 թվականի գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը: