17/10/2019 17:20
Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում. փաստաբան
Ավելի քան ակնառու է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու հանգամանքին։
Նրա խոսքով՝ հարցին պետք է նայել մի շարք իրադարձությունների համատեքստում։
«Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ հետապնդումներ իրականացվեցին։ Նրանց մեղադրանք առաջադրվեց։ Երկու սանիկներից մեկը, իմ տեղեկությունների համաձայն, այսօր կալանքի տակ է։ Եթե հարցին նայենք այն համատեքստում, որ ԶԼՄ-ների հաղորդումների հիման վրա ԱԱԾ-ն սկսեց ուսումնասիրություններ կատարել Հրայր Թովմասյանի գույքի և եկամուտների մասով, ապա առավել քան ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացվում», - ասաց փաստաբանը։
Ամրամ Մակինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՍԴ նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցումն աննախադեպ երևույթ է և լուրջ տարակուսանք է առաջացնում։
«Քրեական գործի հարուցումն արդեն իսկ ենթադրում է քաղաքական հետապնդման հարուցում։ Այստեղ, փաստացի, իրավական գործընթացներ տեղի չեն ունենում։ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում, և պետք չէ լուրջ վերլուծություններ անել՝ հասկանալու համար, որ սա ուղղված է նրա լիազորություններն ամեն գնով դադարեցնելուն», - նշեց մեր զրուցակիցը։
Ամրամ Մակինյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործը միջազգային իրավապաշտպան կառույցներում չի կարող անհետևանք մնալ։
Հիշեցնենք, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է՝ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: