18/10/2019 16:24
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան:
Հայաստանի կինոգործիչների միությունն այդ մասին գրառում է արել՝ մեկտեղ շնորհավորելով ռեժիսորին ու ֆիլմում ընդգրկված դերասաններին:
«Արցախյան թեմայով Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը, ստեղծագործական և արտադրական միջազգային մեծ կազմով, մեծ ճանաչման դերասանական և պրոդյուսերական թիմով, միջազգային համագործակցության լուրջ գործակցությամբ արծարծում է համամարդկային խնդիրներ՝ միաժամանակ ներկայացնելով պատերազմի ու խաղաղության դեմքը:
Եթե կարճ՝ ապա գերմանացի լրագրողը 2016-ին վերադառնալով Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը, հանդիպում է արցախցի երիտասարդ օպերային երգչուհուն, և կարծես թե արթնանում են փոխադարձ սիրային զգացմունքներ, մանավանդ, որ հարթ չեն հերոսների անձնական կյանքերը: Սակայն պարզվում է, որ երգչուհին անհայտ կորած արցախցի ֆոտոլրագրողի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, գերմանացի լրագրողը թողնում է գյուղում՝ գերության մեջ՝ յուրացնելով նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ահա այս համատեքստում են զարգանում գործողությունները:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ կինոռեժիսոր, կինեմատոգրաֆիստների միության կինոռեժիսորների գիլդիայի փոխնախագահ Ջիվան Ավետիսյանին, ստեղծագործական ու արտադրական ողջ թիմին», - գրված է Հայաստանի կինոգործիչների միության պաշտոնական էջում:
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարները՝ Ջիվան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից։