18/10/2019 16:28
Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը. Պարզաբանում է Արամ Վարդևանյանը
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։
«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել», - ասված է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դիմումը վերաբերում էր քրեական դատավարության օրենսգրքում Վերաքննիչ ատյանի կողմից կալանավորվելու դեպքում Վճռաբեկ դատարանի՝ պարտադիր վարույթ ընդունելու հարցին։
«Գտնում ենք, որ, առհասարակ, երբ վերաքննիչ ատյանի կողմից է կալանավորումը կիրառվում, ապա Վճռաբեկ դատարանը պարտավոր է այն վարույթ ընդունել, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշումները անձը պետք է մշտապես հնարավորություն ունենա բողոքարկել», - ասաց Վարդևանյանը։
Իրավաբանն ասաց, որ երբ իրենք այս դիմումը ներկայացնում էին, գիտակցում էին, որ, իրականում, իրավակիրառական պրակտիկայի խնդիր է առավելապես։
«Այսինքն՝ օրենսդրական որևէ արգելանք չկա, որ Վճռաբեկ դատարանն իսկապես վարույթ ընդունի այսպիսի դեպքերում բողոքները, հետևաբար, այստեղ, դասական իմաստով, օրենքի սահմանադրականության խնդիրը չէ, որքան իրավակիրառական պրակտիկան է», - ասաց նա։
Արամ Վարդևանյանն ասաց, որոշմանը դեռ ծանոթ չեն։
«Որոշմանը կծանոթանանք, նոր վերջնական դիրքորոշումը կհայտնենք, հնարավոր է, որ հենց այսպիսի տրամաբանություն դրած լինի ՍԴ-ում», - ասաց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը։