18/10/2019 13:51
Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին
Այն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անձի շուրջ, ակնհայտ քաղաքական հետապնդում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իշխանությունն իր առջև խնդիր է դրել նվաճել Սահմանադրական դատարանը ու, իրավական ճանապարհով չկարողանալով հասնել նպատակին, արդեն ակնհայտ անցել են ընտանիքի անդամներին, հարազատներին. փորձում են հարցաքննություններով, տարբեր մեթոդներով, ճնշումներով հասնեն իրենց նպատակին», - ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության այս գործողությունները դատապարտելի են։
«Իշխանությունը, պարզ է, չի ասի, որ անօրինական գործողություն է անում, փորձելու է ինչ-որ հիմնավորումներ գտնի, որպեսզի արդարացնի իր գործողությունները, բայց քաղաքական հետապնդումն ակնհայտ է, փաստ է», - ասաց նա։
ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ եթե Հայաստանում որևէ դատարան ընդունում է որոշում, որը իշխանության սրտով չէ, իշխանությունն այդ որոշմանը վերաբերում է իբրև քայլ իրենց դեմ։
«Այդ մարդկանց որակում են հակահեղափոխականներ։ Իշխանությունն ուզում է ունենալ սեփական դատական համակարգ, որը հետագայում ծառայեցնելու է իբրև մահակ քաղաքական հակառակորդների, ընդդիմախոսների դեմ», - ասաց Սաղաթելյանը։
Թե ինչպիսի հանգուցալուծում է տեսնում, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ հստակ գիտի՝ իշխանությունը պետք է սթափվի։
«Իշխանությունը պետք է լրջանա, անցնի իր բուն պարտականություններին ու զերծ մնա այս մեթոդներով իր իշխանությունն ավելի խորացելու, հաստատելու գործընթացից։ Այս ճանապարհով իշխանությունը երկար չի գնա, սխալ ուղղություն են բռնել ու երկիրը տանում են, ըստ էության, քաոսի։ Սա քաղաքական բեսպրեդել է», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։