18/10/2019 14:48
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն: Իսկ այսօր ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստրերը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:
Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: